Պուտինը հավանություն է տվել Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի արևմտյան գործընկերները չեն էլ թաքցնում այն փաստը, որ ամբողջ աշխարհում վարձկաններ են հավաքագրում մարտերի գոտի տեղափոխելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը մասնակցելու համար կամավորներ ներգրավելու մտքին։ Այդ մասին նա հայտնել է ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ավելի վաղ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի երկրներից ավելի քան 16 հազար կամավոր պատրաստ է ժամանել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բանակին օգնելու: Ի պատասխան Պուտինը հանձնարարել է օգնել այդ մարդկանց տեղափոխվել մարտական գործողությունների գոտի։
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են կամավոր հիմունքներով, առավել ևս ոչ գումարի դիմաց գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դե ինչ, պետք է նրանց ընդառաջ գնալ և օգնել հասնել մարտական գործողությունների գոտի»,-ասել է Պուտինը։
Պուտինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ արևմտյան գործընկերները չեն թաքցնում ամբողջ աշխարհից Ուկրաինայի համար վարձկաններ հավաքելու փաստը` արհամարհելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 16–րդ օրը։