Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը

Գագիկ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի նախկին տնօրենը մահացել է սրտի կաթվածից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Այսօր 66 տարեկանում մահացել է Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների դոցենտ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ և ՀՀ հանրային խորհրդի անդամ Գագիկ Մանասյանը։
Տեղեկությունը հայտնում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մամուլի ծառայությունը։
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահի նախկին տնօրենը մահացել է սրտի կաթվածից։
Մանասյանը ծնվել է 1955 թվականին, 1973-1979թթ. սովորել է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետում:
1979-1981թթ. եղել է Աբովյանի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ, 1981-1984թթ-ին` Հայաստանի գրողների միության գեղարվեստական գրականության պրոպագանդայի բյուրոյի տնօրենի տեղակալ, ապա «Անդրադարձ», ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթերի հիմնադիր-խմբագիր, Աբովյանի շրջխորհրդի գործկոմի մշակույթի վարչության պետ, Կոտայքի մարզպետարանի մշակույթի և կրթության վարչության պետ: 2001-2007թթ. Մանասյանը եղել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի տեղակալ, իսկ 2002-2006թթ. ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար:
2007 թվականից մինչ օրս Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն էր: Նույն թվականից մինչ օրս դասավանդում էր Պարարվեստի մանկավարժության ամբիոնում:
Գագիկ Մանասյանը ակտիվորեն զբաղվում էր նաև հասարակական գործունեությամբ. ՀՀ Հանրային խորհրդի անդամ էր` մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ, «Հայի միտք» համահայկական հեռուստատեսային մասնագիտական ակումբի նախագահն էր, Երևանի գեղարվեստի ակադեմիայի և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի խորհրդի անդամ:
Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր