ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ Մաքսային ենթահանձնաժողովը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրներ հացահատիկային մշակաբույսեր արտահանելու ժամանակավոր արգելքի որոշմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ համապատասխան առաջարկը ստացվել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից, իսկ ենթահանձնաժողովի որոշումը համաձայնեցված է առաջին վարչապետ Անդրեյ Բելոուսովի կողմից։
«Սահմանափակումը ժամանակավոր է և գործելու է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը` ցորենի, աշորայի, գարու և եգիպտացորենի վրա։ Բացառություն է նախատեսված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամարդած արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հիշեցրել են, որ ԵԱՏՄ սահմաններից դուրս հացահատիկի արտահանումն արդեն իսկ սահմանափակված էր սակագնային քվոտաներով և արտահանման տուրքերով, որոնք կիրառվել էին ներքին շուկայում գների կայունացման համար։
ՌԴ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` ներկա պահին Ռուսաստանում հացահատիկով ապահովումը գերազանցում է 150%–ը։
«Միևնույն ժամանակ, արտահանման ժամանակավոր արգելքը թույլ կտա կանխել գյուղատնտեսական արտադրանքի վերավաճառքը, հաշվի առնելով այն, որ ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնում արդեն իսկ իրականացրել են իրենց անհրաժեշտ ծավալների գնումները մաքսատուրքից ազատված ռեժիմում», – նշել են տնտեսական զարգացման նախարարությունում։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: