ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները:
«Մենք պատրաստ ենք դիվանագիտության, մենք դիվանագիտական լուծումներ ենք փնտրում, բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնվիրաբար, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանելու ենք մեր հողը։ Մենք մտադիր չենք կատարել Ռուսաստանի առաջադրած պահանջները», - ասել է նա։
Կուլեբայի խոսքով՝ կողմերը պետք է լուրջ և առարկայական խոսակցություն վարեն։ Առայժմ Կիևի տեսանկյունից հակամարտության դիվանագիտական լուծումներ չկան։
Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմը բանակցություններում բարձրացրել է 24 ժամով հրադադար հաստատելու հարցը, որպեսզի լուծի հումանիտար բնույթի առավել հրատապ հարցերը։
«Մենք այդ հարցում առաջընթաց չգրանցեցինք, քանի որ, ըստ երևույթին, Ռուսաստանում այլ մարդիկ են որոշումներ կայացնում», - ասել է նախարարը:
Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը չեն քննարկել Ուկրաինային տրամադրված ռազմական օգնությունը, քանի որ ժամանակի մեծ մասը նվիրված է եղել հումանիտար հարցերին:
Հիշեցնենք` Մոսկվայում բազմիցս հայտարարել են, որ ցանկացած պահի կարող են դադարեցնել հատուկ գործողությունը, եթե Ուկրաինան կատարի ՌԴ-ի պայմանները: Մասնավորապես Ուկրաինան պետք է ընդունի, որ Ղրիմը ռուսական է, ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախությունը, ինչպես նաև փոփոխություններ մտցնի Սահմանադրության մեջ, որոնք արտադաշինքային կարգավիճակ են ենթադրում: