ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղին կից հատվածում իրականացվում է Արցախի ուժային համապատասխան կառույցների և խաղաղապահ զորակազմի համատեղ ուժեղացված ծառայություն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական զինված ուժերի սադրիչ գործողությունները կասեցնելու և իրադրությունը Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կայունացնելու նպատակով Արցախի Հանրապետության իշխանությունները ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱԽ գրասենյակից կոչ են անում տուրք չտալ ոչ արժանահավատ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
Հիշեցնենք` մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։
Իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի արձակած ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղրյանը։
Տղամարդը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում: Նա գոտկային շրջանի կույր բեկորային վնասվածք է ստացել: