Բանակցություններն ավարտվեցին. Մոսկվան և Կիևը չկարողացան հրադադարի մասին համաձայնության գալ

Եռակողմ հանդիպում
Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, որ ռուս գործընկերոջ հետ բանակցությունները բարդ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Թուրքիայի Անթալիա քաղաքում ավարտվեցին Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները։ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը մեկուկես ժամ տևեց։
Լրագրողների հետ զրույցում ուկրաինացի նախարարն ասաց, որ չհաջողվեց հրադադարի մասին պայմանավորվածության հասնել։ Նա ասաց, որ բանակցությունները բարդ էին։
Ըստ Կուլեբայի` ռուս նախարարի հետ հանդիպմանը քննարկել են հումանիտար միջանցքների բացման և հրադադարի ռեժիմի հարցերը։ Նա հավելեց, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում փորձել է իրավիճակի շուրջ դիվանագիտական լուծումներ գտնել։
Նշենք, որ նախարարների հանդիպումը կազմակերպվել էր դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։