ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգներում վերջին 40 տարվա համար ռեկորդային գնաճը կապել է հակառուսական պատժամիջոցների հետ։
«Գնաճի մասին այսօրվա զեկույցը հիշեցնում է, որ ամերիկացիների բյուջեները սպառվում են գների բարձրացման պատճառով, և որ ընտանիքները սկսում են զգալ գների պուտինյան աճի հետևանքները։ Այս ամիս գնաճի մեջ մեծ ներդրում է ունեցել բենզինի և էներգակիրների գների աճը, քանի որ շուկաներն արձագանքել են Պուտինի ագրեսիվ գործողություններին»,–ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բայդենը հայտարարել է, որ երկրի ներսում ծախսերը կապված են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետ, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանն ավելի բարձր գին է վճարում:
Ինչպես հայտնել է ԱՄՆ–ի աշխատանքի նախարարությունը, փետրվարի արդյունքներով երկրում սպառողական գներն աճել են տարեկան 7,9 տոկոսով` նախորդ ամսվա 7,5 տոկոս աճից հետո, միայն փետրվարին դրանք ավելացել են 0,8 տոկոսով: Տարեկան ցուցանիշը նախկինի պես մոտ է 40-ամյա վաղեմության ռեկորդներին, ներկայումս այն 1982 թվականի հունվարից ի վեր ամենաբարձրն է: