ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող փախստականներն այս տարի բնակարանների գնման վկայականներ կստանան։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Մենք երկարատև ընդմիջումից հետո նման որոշում կայացրեցինք։ Երևան քաղաքում, եթե չեմ սխալվում 270 ընտանիքի բնակարանների գնման վկայականներ ենք տվել, և նրանցից շատերն արդեն բնակարաններ ձեռք են բերել։ Հիմա փաստորեն մարզերում հաշվառված ընտանիքներին ենք նման հնարավորություն տալիս»,– նախագիծը ներկայացնելով` ասաց վարչապետ նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն` Երևանում բնակվող շահառուները կարող էին բնակարան ձեռք բերել Հայաստանի Հանրապետության ցանկացած բնակավայրում: Մարզերում բնակվող շահառուները, բնակարան կարող են գնել միայն այն մարզի համայնքներում, որտեղ հաշվառված են։
Շահառու չեն կարող լինել այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան կամ վերջին 10 տարվա ընթացքում վաճառել են իրենց բնակարանը կամ հանրակացարանային սենյակը։
Ինչ վերաբերում է բնակարանների գնման վկայականների արժեքին, այն կհաշվարկվի տվյալ մարզում անշարժ գույքի շուկայի` 2021 թվականի երկրորդ կիսամյակի միջինացված գներով՝ 1 քառակուսի մետրի համար։