Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում փորձել են սպանել 25-ամյա մի երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` իրավապահները մարտի 7-ին՝ ժամը 23:40-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ են ստացել, որ մարմնի տարբեր հատվածներում բազմակի հրազենային վնասվածքներով, բուժօգնության է դիմել մի երիտասարդ՝ ծնված 1996 թվականին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ Երևան քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում և շքամուտքում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ, ինչպես նաև արնանման հետքեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատագենետիկական դատահետքաբանական փորձաքննություններ։
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: