ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավեր է ստացել` մասնակցելու ՀՀ 5–րդ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանը, բայց չի մասնակցի։
Այս մասին 168.am-ին հայտնել են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Այո, հրավերը քիչ առաջ ենք ստացել, սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում մասնակցել այդ արարողությանը»,–ասել են գրասենյակից:
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք՝ մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրեց Վահագն Խաչատուրյանին։ Սա նախագահին ընտրելու երկրորդ փորձն էր։ Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ չեն մասնակցել քվեարկությանը։