ՌԴ ՊՆ–ն հայտնել է Ուկրաինայից ժամկետային զինծառայողներին դուրս բերելու մասին

Իգոր Կոնաշենկով
Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում ռազմական գործողություններին ժամկետային զինծառայողներին մասնակցությունը կանխելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը ՌԴ ԶՈւ ժամկետային զինծառայողների մասնակցության փաստերի բացահայտման մասին։
ՌԴ պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն այսօր` մարտի 9-ին, պարզաբանել է, որ գրեթե բոլոր ժամկետային զինծառայողներն արդեն տեղափոխվել են ռուսական տարածք։
Գեներալ–մայորը հայտնել է, որ նյութատեխնիկական առաջադրանքներ կատարող ստորաբաժանումներից մեկը հարձակման է ենթարկվել ազգային գումարտակի դիվերսիոն խմբի կողմից։
«Մի շարք զինծառայողներ, այդ թվում՝ ժամկետային, գերեվարվել են, այժմ համալիր միջոցառումներ են իրականացվում ժամկետային զինծառայողներին մարտական տարածքներ ուղարկելու դեպքերը կանխելու և գերեվարված զինծառայողներին ազատ արձակելու ուղղությամբ,- ասել է նա։
Անդրադառնալով հատուկ գործողության արդյունքներին՝ Կոնաշենկովն ասել է, որ մինչ այժմ ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2786 օբյեկտ։ Շարքից դուրս է բերվել Ուկրաինայի ռազմական օդանավակայանների 90%-ը, որտեղ տեղակայված է ռազմական ավիացիայի հիմնական կազմը։
Ըստ Կոնաշենկովի` ռուսական բանակին հաջողվել է մեծապես չեզոքացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը, ինչը, նրա մեկնաբանմամբ, արդեն «կիզակետային բնույթ է կրում» և ուկրաինական օդուժը չի կարող էապես հակազդել ռուսական ավիացիային։
Մասնավորապես ոչնչացվել է Ուկրաինայի 137 զենիթահրթիռային համակարգ, ինչը կազմում է հեռահար և միջին հեռահարության ՀՕՊ համակարգերի ավելի քան 90%-ը։ Հատուկ գործողության ընթացքում ցամաքում և օդում ոչնչացվել է 89 ուկրաինական մարտական ինքնաթիռ և 57 ուղղաթիռ։ Առաջին և երկրորդ կարգի ուկրաինացի օդաչուներ գործնականում չեն մնացել։
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ Լեհաստանի օդային տարածքում հերթապահում են ամերիկյան E-3A ինքնաթիռները, որոնք օդային իրավիճակի մասին տեղեկություններ են փոխանցում ուկրաինական կողմին։ Չնայած դրան` ՊՆ-ն արձանագրել է ուկրաինական մարտական ինքնաթիռների թռիչքի ընդամենը մի քանի փորձ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։