ՊԲ–ն հաստատեց` Խնուշինակի ուղղությամբ կրակել են. մանրամասներ

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի փողոցներից մեկում. Արխիվային լուսանկար
Տեղեկացվում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Այսօր, ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Համացանցում տարածված լուրերը քիչ առաջ հաստատեց Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ արձակվել է 4 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական զինուժը ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հետո Մարտունուց Sputnik Արմենիային հստակեցրին, որ կրակոցները Մարտունի քաղաքի ուղղությամբ չեն եղել, այլ հարակից` Խնուշինակ գյուղի այգիների ուղղությամբ։
Այսօր Արցախի ՊԲ–ն հերքել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։