ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումների 4–րդ փուլը կանցկացվի Բաքվում, Հայաստանի թիմը չի մասնակցի։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։
Նրա խոսքով` առաջին անգամ է, որ Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներին երկիրը պետք է միավորներ հավաքի, որպեսզի կարողանա մասնակցել Մարմնամարզության աշխարհի առաջնությանը։
«Մարմնամարզության աշխարհի գավաթի մրցումներն անցկացվում են 4 փուլով։ Հայաստանը երկու փուլին արդեն իսկ մասնակցել է և լավ սրդյունքներ է գրանցել։ Երրորդ փուլը տեղի կունենա մարտի 15–ին` Կահիրեում, որին կմասնակցենք, իսկ չորրորդ փուլը տեղի կունենա Բաքվում, որին չենք մասնակցի»,–ասաց Սերոբյանը։
Նրա խոսքով` առաջին երկու փուլում ՀՀ մարմնամարզության հավաքականի անդամներ, մարմնամարզության աշխարհի գավաթի մրցանակակիրներ Արթուր Դավթյանը և Արթուր Ավետիսյանն արդեն իսկ համապատասխան միավորներ հավաքել են։
«Այս պահին մեր տղաները առաջին տեղում են և վստահ եմ, որ չորրորդ փուլի չմասնակցելու պարագայում անգամ կլինեն լավագույն եռյակում»,–ասաց նա։
Հիշեցնենք` մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում առաջին հորիզոնականն էր զբաղեցրել հենացատկեր վարժությունում:
Դավթյանը 14.983 միավոր էր վաստակել ու դարձել ոսկե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ արծաթե մեդալ էր նվաճել օղակներ վարժությունում:
Դոհայում մեկնարկած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը եզրափակիչ անցավ նժույգթափերում: Նա լավագույն արդյունքը ցույց տվեց որակավորման փուլում՝ 14.600 միավորով գրավելով առաջին հորիզոնականը:
Օղակներ վարժությունում էլ եզրափակիչ դուրս եկան Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Վահագն Դավթյանը որակավորման փուլն ավարտեց առաջին հորիզոնականում (14.700 միավոր), նրան հաջորդեց Արթուր Ավետիսյանը՝ 14.633 միավորով:
Դոհայում աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվել է փետրվարի 28-ից մարտի 6-ը: Հաջորդ մրցաշարը մարտի 13-20-ին տեղի կունենա Կահիրեում: