ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Այցի շրջանակում վարչապետը Ելիսեյան պալատում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:
Նշենք, որ ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արայիկ Խզմալյանը, Արթուր Մարտիրոսյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահը մարտի 3-ին հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում Փաշինյանին հրավիրել էր Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին: