ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. ԵՄ-ն որոշել է պատժամիջոցներ սահմանել ՌԴ 14 խոշոր գործարարի և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև ՌԴ Դաշնության խորհրդի անդամների նկատմամբ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։
«Պատժամիջոցներ են սահմանվում 14 օլիգարխների և խոշոր գործարարների նկատմամբ, որոնք մասնակցում են տնտեսության առանցքային ոլորտներին և զգալի մուտքեր ապահովում ՌԴ-ի համար...», - նշված է փաստաթղթում:
Խոսքը վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են մետաղագործությունը, գյուղատնտեսությունը, դեղագործությունը, հեռահաղորդակցությունը, թվային ոլորտը։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում Դաշնության խորհրդի 146 անդամների նկատմամբ, որոնք հաստատել են ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ փոխօգնության պայմանագրերը:
Անհատական պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր առմամբ 862 ֆիզիկական անձանց և 53 կազմակերպությունների նկատմամբ։ Նրանց արգելվում է մեկնել ԵՄ, ինչպես նաև սառեցվում են Եվրամիության տարածքում բոլոր ակտիվները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։