Հայտնվել են դժվար կացության մեջ. Արցախի նախագահի խոսնակը` Կիև օգնություն ուղարկելու մասին

Լուսինե Ավանեսյանը հիշեցրել է, որ Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով է հումանիտար օգնություն ուղարկվել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Արցախի իշխանությունները մշտապես կողմնակից են եղել խաղաղ հարաբերությունների, և տվյալ դեպքում կապ չունի, թե աշխարհի որ ծայրի մասին է խոսքը։168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` անդրադառնալով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելուն։
Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի կառավարության նախաձեռնությամբ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով մարտի 7-ին Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Հումանիտար օգնությունը տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր հայ զինվորի հետ միասին Արցախի անվտանգությունը պահպանում են նաև ռուս խաղաղապահները, 168.am-ն Ավանեսյանից հետաքրքրվել է` այս քայլն ինչպե՞ս կարող է անդրադառնալ խաղաղապահ առաքելության վրա, ինչո՞ւ օգնություն չի ուղարկվել Դոնեցկի և Լուգանսկի բնակիչներին։
«Մարդիկ հայտնվել են դժվար կացության մեջ, և մենք այս պահին կարող ենք նրանց ինչ-որ բանով օգնել, հետևաբար՝ այդ օգնությունը հասցվել է նրանց։ Նույն կերպ ժամանակին Արցախը մարդասիրական օգնություն էր ուղարկել նաև Լիբանան»,-ի պատասխան ասել է Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է այս ամենի անդրադարձին ռուս խաղաղապահ առաքելության վրա` Ավանեսյանն ասել է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ այդ հարցի պատասխանն արդեն կա. Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի միջոցով է 14 տոննա տեղական արտադրության հումանիտար օգնություն ուղարկվել Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին։
Մանրամասները` սկզբնաղբյուրում։