ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արդեն հայտնել ենք, որ գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
«Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետները և իրավապահ մարմինները չեն կարողանում հստակ նշել՝ արդյո՞ք վթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով, թե ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Պատճառն այն է, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է և՛ Արցախի իրավապահների, և՛ գազամատակարարող ընկերության մասնագետների հասանելիությունը վթարի վայր։
Այս պահին վերականգնման աշխատանքները ևս չեն իրականացվում ադրբեջանական կողմից հարուցվող խոչընդոտների պատճառով։
Վթարի և գազամատակարարման խնդրի մասին տեղեկացված են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները և նրանց կողմից վարվում են բանակցություններ վերականգնման աշխատանքներ սկսելու ուղղությամբ։
Շեշտվում է, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելն ադրբեջանական կողմի՝ Արցախում հումանիտար խնդիրներ հարուցելու և բնականոն կյանքը խաթարելու դիտավորության ապացույցն է։
Հայտնել էինք, որ Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։ Իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգման աշխատանքներն սկսելուն։