Երևանի անշարժ գույքի շուկայում վարձավճարներն ավելացել են. ի՞նչ միտումներ կան ոլորտում

Անտոն Քոչինյան փողոց. Երևան. Արխիվային լուսանկար
Sputnik Արմենիան փորձել է պարզել` ի՞նչ իրավիճակ է անշարժ գույքի երևանյան շուկայում, ինչո՞վ է պայմանավորված բնակարանների վարձավճարների բարձրացումը և ինչ գործոնների ազդեցության շնորհիվ հնարավոր է հասնել գնանկման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ գործողության ֆոնին, երբ ՌԴ–ից, Ուկրաինայից, ինչպես նաև Բելառուսից (համեմատաբար քիչ թվով – խմբ.) ժամանակավորապես բնակություն հաստատելու նպատակով բազմաթիվ քաղաքացիներ են Հայաստան այցելում, Երևանի անշարժ գույքի շուկայում վարձավճարները բարձրացել են։
Sputnik Արմենիան զանգահարել է անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող գործակալություններ և փորձել պարզել, թե ինչ գնային քաղաքականություն է սահմանված, կան ազատ բնակարաններ, թե ոչ։
Այսպես` որոշ գործակալություններ նշում են, որ Երևանի Զեյթուն, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում 2 սենյականոց բնակարանները հնարավոր է վարձակալել 350 000 դրամով (700 դոլար), իսկ Կենտրոնում 2 սենյականոց բնակարանի ամենաէժան գինը 500 000- 750 000 դրամն է (1000-1500 դոլար)։ Գործակալություններից հայտնում են, որ շուրջ 1 ամիս առաջ գները մոտ 20 տոկոսով ավելի ցածր էին։
Մեկ այլ գործակալությունում էլ ընդգծեցին, որ 2-3 հոգու համար նախատեսված ազատ բնակարաններ արդեն գրեթե չկան ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում, այլև Էրեբունիում, Աջափնյակում, Արաբկիրում։ Այժմ ավելի շատ ազատ են 4-5 սենյականոց բնակարանները, իսկ արժեքները տատանվում են 850 000 - 1 մլն դրամի սահմանում (1700-2000 դոլար)։
Անին, որը վարձով տրվող բնակարան ունի Բաղրամյան պողոտայում, մինչ Ուկրաինայում իրավիճակի սրացումը, տունն ամսական հանձնել է 350 հազար դրամով (700 դոլար)։
«Այժմ 1000-1100 դոլարով «ձեռքից ձեռք» են խլում, սակայն 1 ամսով չեմ տալիս հիմա, կարճ ժամկետ է։ Այսպիսի իրավիճակ եղել է նաև սիրիահայերի հոսքի ժամանակ»,– ասաց Անին։
Անփող երկրում բնակարանային բում է. անշարժ գույքի շուկան ռեկորդներ է գրանցում
Մեկ այլ անհատ` Լիան, նշեց` Մաշտոցի պողոտայում գտնվող ոչ նորակառույց շենքերից մեկի իրենց 3 սենյականոց բնակարանը 500 000 դրամով են (1000 դոլար) մինչ այս վարձակալության հանձնել, սակայն հիմա այլ գներն են։
«Բնակարանում կան բոլոր հարմարությունները, ամբողջական վերանորոգված է, սակայն շենքը նորակառույց չէ։ Մեզ շատ են դիմում 1-2 ամսով բնակարանը վարձակալելու համար, բայց չենք համաձայնում, ամենաքիչը` 6 ամսով և ամսական 1500 դոլար վարձավճարով»,– ընդգծեց Լիան։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանն ասում է, որ գների նման բարձրացման հանգեցրել է շուկայում պահանջարկի կտրուկ աճը։
«Ուսումնասիրելով անշարժ գույքի վարձակալության հարթակները` booking.com կայքում գրանցված կացարանները` հյուրանոցները, հոսթելները, բնակարանները, կտեսնեք, որ առաջիկա 1 ամսվա կտրվածքով ավելի քան 93 տոկոսով ամրագրված են։ Սա եզակի երևույթ է նաև այս սեզոնի ժամանակ»,– նշեց Հովսեփյանը։
Նա ասաց, որ վերջին մի քանի տարվա ուսումնասիրությունն էլ վկայում էր, որ ընդհանուր առմամբ անշարժ գույքի գներն աճի միտում ունեին։ Միայն այս տարվա հունվար ամսվա ընթացքում, երբ դեռ Ուկրաինայում ՌԴ–ի կողմից չէր իրականացվում հատուկ գործողություն, բազմաբնակարան շենքերի շուկայական միջին արժեքը դեկտեմբեր ամսվա համեմատ 0.2 տոկոսով աճել էր, իսկ նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ` 10.5 տոկոսով։
Մասնագետը նշեց, որ կարևոր է կարողանալ ստեղծված իրավիճակից գրագետ դուրս գալ, խուսափել գների անհարկի բարձրացումներից։ Նա հույս հայտնեց, որ որոշակի ժամանակահատվածում անշարժ գույքի վարձակալության գները կկայունանան, քանի որ շատ բարձր վարձավճարների դեպքում պահանջարկը կարող է նվազել։
Երևանում բնակարանների գները կտրուկ աճել են. շուկայի վերլուծություն