ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն արգելում Է ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստի:
Սրան զուգահեռ Բայդենը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելել ռուսական էներգակիրների ներկրումն իր երկիր։
Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա։
«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները թիրախավորում է ռուսական տնտեսության գլխավոր զարկերակը։ Մենք արգելում ենք ռուսական նավթագազային էներգիայի ամբողջ ներմուծումը։ Դա նշանակում է, որ ռուսական նավթն այլևս չի ընդունվի ԱՄՆ-ի նավահանգիստներում, և ամերիկյան ժողովուրդը ևս մեկ հզոր հարված կհասցնի Պուտինի ռազմական մեքենային»,- հայտարարել է Բայդենը։
Ինչպես նշել է նախագահ ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնում հասկանում են, որ ԱՄՆ-ի ոչ բոլոր դաշնակիցներն այժմ կարող են Ռուսաստանի դեմ նման միջոցներ ձեռնարկել: «Մենք կարող ենք ձեռնարկել այն քայլը, որը շատերը չեն կարող»,- ասել է նա։
Հավելենք՝ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ 2022 թվականի վերջին կդադարեցնի ռուսական նավթի և նավթամթերքի ներմուծումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։