ՄԻՊ–ը ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հումանիտար հարցեր` շեշտելով գերիների խնդիրը

Պաշտպանի դիրքորոշմամբ` Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված դատավարություններն արհեստական են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին
Պաշտպանը դեսպանին ներկայացրել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններ, այդթվում հետպատերազմական հումանիտար հարցերը՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված` ՄԻՊ աշխատանքների տեսլականը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:
Բացի այդ, պաշտպանն անդրադարձել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրած փաստերին: Նա նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում սահմանամերձ կամ ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերում ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:
Պաշտպանի դիրքորոշմամբ` սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև համապատասխանաբար 18 և 19 տարի ազատազրկմամբ դատապարտված երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ սկսված դատավարությունները: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Դեսպան Լույոն իր հերթին բարձր է գնահատել պաշտպանիհաստատության դերը երկրում՝ մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման հարցում:
Դեսպանի առաջարկով մոտ ապագայում նախանշվել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի և Ֆրանսիայի օմբուդսմանի հանդիպման կազմակերպումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: