Կան այլ ընթացակարգեր․ՀՀ ԱԳՆ-ն՝ ԵԽ-ում ՌԴ-ին վերաբերող քվեարկության մասին

Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրեց այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքի կասեցմանը:
Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրել է այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքը՝ կապված Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հայկական կողմը դեմ է քվեարկել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի՝ փետրվարի 25-ին կայացած արտահերթ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման մասին որոշմանը:
«Հայկական կողմի կարծիքով՝ մինչև կասեցման մասին որոշում կայացնելը, որն ըստ էության ծայրահեղ դեպքերում կիրառության ենթակա ընթացակարգ է, ԵԽ-ում առկա են նաև այլ ընթացակարգեր, որոնք հնարավոր էր գործի դնել»,- նշված է ԱԳն գրավոր պատասխանում։
Ավելի վաղ հայկական պատվիրակության քվեարկությունը մեկնաբանել էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Ռուսաստանի ներկայացվածության իրավունքների կասեցման օգտին քվեարկել է 42 պետություն, միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Հայաստանը, դեմ են եղել։ Թուրքիան ձեռնպահ է մնացել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։
Նշենք նաև, որ ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «ագրեսիա Ուկրաինայի դեմ» բանաձևի օգտին քվեարկելուց։