ԱՄՆ-ն «կանաչ լույս է վառել» Ուկրաինային կործանիչներ տրամադրելու համար

Կործանիչներ տրամադրելու խնդրանքով Կոնգրեսի անդամներին դիմել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Վաշինգտոնը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու համար։ CBS հեռուստաընկերության հաղորդմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«ԱՄՆ-ը «կանաչ լույս է վառել» ՆԱՏՕ-ի երկրների առաջ, եթե նրանք որոշեն կործանիչներ տրամադրել Ուկրաինային։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո մեկ օր անց, երբ նախագահ Զելենսկին դիմեց Կոնգրեսի անդամներին՝ կործանիչներ տրամադրելու խնդրանքով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը մի քանի անգամ կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին փակել ուկրաինական երկինքը։
Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ ԱՄՆ-ին մեղադրելով անվտանգության անբաժանելիության սկզբունքը խախտելու մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Վաշինգտոնն ուկրաինական իշխանություններին ժամանակակից հարձակողական սպառազինություններ է մատակարարում՝ համակերպվելով Դոնբասի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու Վլադիմիր Զելենսկու կառավարության ձգտման հետ։