Թուրքիան ՌԴ–ի և Ուկրաինայի հետ քննարկում է ինքնաթիռները Կիևից դուրս բերելու հարցը

Հուլուսի Աքար
Փետրվարի 24-ին Թուրքիան մարդասիրական օգնությամբ բեռնված երկու ինքնաթիռ է ուղարկել Ուկրաինա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Բորիսպոլ» օդանավակայանում գտնվող իր երկու ինքնաթիռները վերադարձնելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ: Տեղեկությունը հայտնում է Habertürk հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։
Պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիայի ինքնաթիռները օդային տարածքի փակման պատճառով փետրվարի 24-ից սպասում են թռիչքի։
Նա նշել է, որ բանակցություններ է վարել ռուս և ուկրաինացի գործընկերներ Սերգեյ Շոյգուի և Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: Բանակցություններից հետո Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, որն ընդգրկված է ռուսական պատվիրակության կազմում, հայտարարեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն առաջիկայում կամրագրվեն բարձր մակարդակով։