ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը Twitter–ում հայտնել է, որ պատրաստ է գնել «Չելսի» ֆուտբոլային ակումբը։ Տեղեկությունը հայտնում է sport24-ը։
«Ես 1,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ եմ առաջարկում»,- գրել է իռլանդացին այն լուրի մեկնաբանությունում, որում նշվել է, որ Աբրամովիչը 3 միլիարդ ֆունտ է ուզում ակումբի համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրք գործարար Մուհսին Բայրակը «Չելսին» գնելու առաջարկ է արել ակումբի ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչին։
Քննարկվում է նաև, որ «Չելսին» շուտով կարող է վաճառվել ամերիկա-շվեյցարական կոնսորցիումին, որի կազմում են շվեյցարացի գործարար Հանսյորգ Ուիսը և Թոդ Բեհլին:
Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003 թվականին անգլիացի Քեն Բեյթսից 140 միլիոն ֆունտով։ 2012 թվականին լոնդոնյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել էր Չեմպիոնների լիգան, իսկ արդեն 2021 թվականին` կրկնել հաջողությունը՝ դառնալով Եվրոպայի լավագույն ակումբը։
Աբրամովիչի օրոք «Չելսին» հինգ անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթը, երկու անգամ՝ Եվրոպա լիգան (2013 և 2019 թվականներին)։