ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ուկրաինայի մեծ մասում աղետալի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, որը սրընթաց վատանում է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով` ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Կիևում, Խարկովում, Սումիում, Չեռնիգովում, Մարիուպոլում և մի շարք այլ բնակավայրերում։
«Այսօր այս քաղաքներում գործնականում հումանիտար աղետ է»,- ասել է նա։
Միզինցևն ընդգծել է, որ չնայած Ռուսաստանի կոչերին, նացիստները արգելափակում են Ուկրաինայի հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև մեծ թվով օտարերկրացիների ելքը` թույլ չտալով իրականացնել նրանց տարհանումը։
«Ազգայնականների գումարտակների ահաբեկիչները շարունակում են խաղաղ բնակիչներին և օտարերկրյա քաղաքացիներին որպես կենդանի վահան օգտագործել»,- ասել է նա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։