S7 ավիաընկերությունը դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը

S7 ավիաընկերության ինքնաթիռներ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսական S7 ավիաընկերությունը մարտի 5-ից դադարեցնում է միջազգային բոլոր չվերթերը։

«Ցավոք, S7 Airlines-ը մարտի 5-ից ստիպված է չեղարկել միջազգային ուղղություններով բոլոր թռիչքները։ Չեղարկված չվերթերի ուղևորները ծանուցում են ստանում ավիաընկերությունից, մեր մասնագետները նրանց հետ աշխատում են S7 Airlines-ի ներկայացուցչություններում: Նրանք օգնում են զբոսաշրջիկներին տուն վերադառնալ գործընկեր ավիաընկերությունների չվերթերով», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Չեղյալ հայտարարված չվերթերի ուղևորները կկարողանան տոմսի արժեքի ամբողջական վերադարձ ձևակերպել թռիչքի չեղարկման մասին SMS ստանալուց հետո:
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ սահմանափակումների պատճառով մասնակի կրճատում է թռիչքները։
Նշենք, որ ավելի քան երեք տասնյակ երկրներ իրենց օդային տարածքը փակել են Ռուսաստանի համար։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։