Ինչու ինքնաթիռը չի կարողացել թռչել Երևանից. Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

Ինքնաթիռ
Կոմիտեն նշում է, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է թռիչքի թույլտվությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ռուսական «Սիբիր» ավիաընկերության ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չի կարողացել մեկնել փաստաթղթային խնդիրների պատճառով, օդանավի հանդեպ կալանք չի կիրառվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն։
«Մարտի 3-ին ռուսական «Սիբիր» ավիաընկերության (Siberia Airlines) կողմից շահագործվող А320 տիպի ինքնաթիռի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց ժամեր առաջ, երբ այն դեռևս գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել տվյալ ինքնաթիռի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ։ Ավիաընկերության որոշմամբ ինքնաթիռը վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում, որից հետո միայն ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,– նշված է հաղորդագրության մեջ։
Վերը նշված հանգամանքով պայմանավորված՝ ինքնաթիռի նախատեսված թռիչքը Երևանից անհնարին է դարձել: Առաջացած խնդիրները կապված են եղել ավիաընկերության և օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաև նշված օդանավի վարձատուի միջև:

«Հարկ ենք համարում նշել, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է նշված ինքնաթիռի թռիչքի թույլտվությունը: Նշենք նաև, որ Երևանից նախատեսված թռիչքը իրականացվել է ավիաընկերության մեկ այլ օդանավով»,– ընդգծում է կոմիտեն:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաև շահագործող ավիաընկերությունը և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի:
Հիշեցնենք, որ երեկ «Авиаторщина» Telegram–յան ալիքը գրել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։ «S7 Airlines-ը չեղյալ է հայտարարել Airbus օդանավերով միջազգային բոլոր չվերթերը այն բանից հետո, երբ նրա օդանավը կալանվել է Երևանում։ Կալանված մեքենայի վարձակալը VP-BSZ գրանցման համարով SMBC Aviation Capital-ն է, որը ճապոնական Sumitomo Mitsui-ի դուբլինյան լիզինգային ստորաբաժանումն է»,- նշված էր հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ «S7 Airlines»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ հարկադրված է եղել մասնակիորեն կրճատել թռիչքային ծրագիրը՝ կապված սահմանված սահմանափակումների հետ և չեղարկել միջազգային ուղղություններով որոշ չվերթեր: