Հարկային հաշիվներ է դուրս գրել, բայց ապրանք չի մատակարարել. ՊԵԿ-ը խոշոր դեպք է բացահայտել

ՀՀ ՊԵԿ. Արխիվային լուսանկար
Գործարքի պատճառով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՊԵԿ–ը բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք, հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից։
ՊԵԿ դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Մատակարար ընկերությունն ունեցել է ընդամենը մեկ գրանցված աշխատակից, որը հանդիսացել է ընկերության միակ բաժնետերն ու տնօրենը: Ընկերությունը չի ունեցել նաև տվյալ գործունեությանը համապատասխան պահեստային տարածքներ:
Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն` հիշյալ տնտեսվարող սուբյեկտներին փաստացի ապրանքները չեն մատակարարվել: Հարկային հաշիվներում ներառված ապրանքների ընդհանուր գումարը տնտեսվարողների կողմից ներառվել են հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում, ինչպես նաև դեբետագրվել են դրանցում առկա ԱԱՀ-ի գումարները, որի արդյունքում վերջիններս խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ հաշվարկելուց և վճարելուց:
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ առ այն, որ մատակարար ու ձեռք բերող ընկերությունների միջև իրականացվել են անապրանք գործարքներ:
Իրականացված անապրանք գործարքների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:
Նշենք, որ առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը համարվում է ծանր հանցագործություն: Այն պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով, ինչպես նաև համաձայն հարկային օրենսգրքի 415 հոդվածի, անապրանք փաստաթղթերի դուրս գրած և ստացած տնտեսվարող սուբյեկտներից գանձվում է տուգանք, տվյալ դեպքում շուրջ 170 մլն. դրամ: