ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն` հավելելով, որ Միրզոյանը բրիտանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ջեյմս Քլեվերլիի հետ։
Միրզոյանը նշել է, որ հարյուրավոր անհետ կորածների, այդ թվում տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև 44-օրյա պատերազմի, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Քննարկվել են նաև միջազգային օրակարգին վերաբերող այլ հարցեր: