Դումանյանը մշակութային ժառանգության պահպանման հարցն է բարձրացրել Յահիայի հետ հանդիպմանը

Դումանյանը մշակութային ժառանգության պահպանման հարցն է բարձրացրել Յահիայի հետ հանդիպմանը
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողիի հետ զրույցում Դումանյանը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային արժեքները ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կպահպանվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վրա: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը` հավելելով, որ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Պիտերս Յահիային։
«Նախարարը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հնարավոր կլինի ապահովել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը, քանի որ դրանք համամարդկային նշանակության արժեքներ են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ավարտին Լիլա Պիտերս Յահիայը տեղեկացրել է, որ այս տարի ՄԱԿ-ը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի նախաձեռնությամբ նախատեսում է կրթության հարցերով գագաթնաժողով՝ կրթության ոլորտի համաշխարհային ռազմավարություն մշակելու նպատակով։ Գագաթնաժողովի նպատակն է նաև, որ ՄԱԿ-ի անդամ երկրները ավելացնեն իրենց ՀՆԱ–ներում կրթությանը հատկացվող մասնաբաժինը: