ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները կհանգեցնեն իրադրության շուտափույթ կարգավորմանը, Դոնբասում խաղաղության վերականգնմանը, մարդկանց խաղաղ և արդար կյանքին վերադառնալուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նաև մատնանշել է ուկրաինական կողմի ներկայացուցիչների մարտավարությունը։
«Քանի ժամ էլ գնում են, երբ տեղ են հասնում, ասում են, թե հոգնած են և ընկնում-քնում են, առևտուր են անում, թե որտեղ, ինչ հարթակում և ինչպես են իրենք նստելու, խոսելու, գտնվելու»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այս ամենի մեջ սեփական ժողովրդի հանդեպ հոգածություն չի երևում։ Զախարովան կարծում է, որ այդպիսի տակտիկան բխում է ԱՄՆ հատուկ ծառայությունների ուղիղ հրահանգներից։
Քիչ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է Բելառուս՝ Ռուսաստանի հետ բանակցությունների համար։
Փետրվարի 28-ին կայացել է Բելառուսի տարածքում ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների առաջին փուլը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
Հանդիպումից հետո նա հայտարարել է, որ պատվիրակությունները գնում են տուն՝ իրենց երկրների իշխանությունների հետ խորհրդակցությունների համար, բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին: