ՌԱԴԻՈ

Փաշինյանը նոր մարզպետի նշանակմամբ համարում է, որ Սյունիքի խնդիրներն այլևս անվտանգային չե՞ն

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի նշանակմանը։
Sputnik
Ռոբերտ Ղուկասյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում վկայում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն համարում է, որ Սյունիքի հիմնական խնդիրները ոչ թե անվտանգային են, այլ առնչվում են համայնքների զարգացմանը կամ ինչպես Փաշինյանն է ասում` պետք է պատրաստվել Հյուսիս–Հարավ–Արևելք–Արևմուտք խաչմերուկին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Փոխնախարարը հստակ չպատասխանեց Սյունիքում թշնամու զորքի հետ քաշվելու մասին հարցին
«Բացի դրանից, Ռոբերտ Ղուկասյանն արդեն իսկ զբաղվում էր Սյունիքի խնդիրներով, որոնք ծագել էին Գորիս–Կապան ճանապարհի փակման արդյունքում։ Ըստ լրատվամիջոցների ու տեղի բնակչության արձագանքների` նրա դերն ու աշխատանքը բավականին դրական էր գնահատվում։ Այդուհանդերձ Սյունիքի անվտանգության հետ կապված ռիսկերը չեն նվազել, ավելին` մարտահրավերները գնալով խորանում են, և առաջիկայում հայտնի կդառնա, թե ի վերջո այդ «խաղաղության դարաշարջանը» բացվու՞մ է, թե՞ այնտեղ լինելու է «ադրբեջանաթուրքական միջանցք», որը կունենա շատ վատ հետևանքներ։
Բաղդասարյանի դիտարկմամբ` ավելի ճիշտ կլիներ տվյալ պահին Սյունիքում զարգացնել ոչ թե զբոսաշրջությունն ու փոքր բիզնեսը, այլ պատրաստվել հնարավոր լուրջ սրացումների, ինչի հավանականությունը բավականին մեծ է, ուստի Ռոբերտ Ղուկասյանի թեկնածությունը, որքան էլ այն հաջողված լինի այլ ոլորտներում, Սյունիքի պարագայում լավագույն լուծումը չէ։

Ըստ նրա` խնդիրն առհասարակ անձերի հետ կապված չէ, պարզապես պետք է հստակեցնել` Սյունիքը լինելու է «զբոսաշրջային փոքրիկ Շվեյցարիա», թե՞ պիտի հնարավոր բոլոր միջոցներով դառնա կիսառազմականացված սահմանային բնակավայրերով մարզ, որտեղ անհրաժեշտ է ուժեղացնել ժողովրդի մոբիլիզացիոն ռեսուրսները։

Նշենք, որ ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արդեն շուրջ կես ամիս աշխատում էր Սյունիքում որպես տվյալ մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար։ Նա փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16-ը ներառյալ գործուղվել էր Սյունիքի մարզ։
Ռոբերտ Ղուկասյանը ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել 2019թ. օգոստոսի 22-ից։ Մինչ այդ` 2017-2018թթ.–ին, նա եղել է Ճամբարակ համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։