ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Մոլդովան Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում, որպեսզի ապահովի երկրի բնակիչների ապագա սերունդների արժանապատիվ կյանքը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն:
Ավելի վաղ Սանդուն կարծիք էր հայտնել, որ հանրապետության եվրաինտեգրումը պետք է արագացնել, երկրի կառավարությունը համակարծիք է այդ հարցում։
«Մենք ապագա սերունդներին արժանապատիվ կյանք ապահովելու հնարավորություն ենք տեսնում։ Այսօր մենք ստորագրում ենք Եվրամիությանն անդամակցելու հայտը, այն ուղարկվել է ԵՄ-ում նախագահող երկրի՝ Ֆրանսիայի նախագահին։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի իրականացնենք երկրի համար հիմնարար այդ խնդիրը»,-ասել է Սանդուն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանը Եվրամիության կառույցներին հայտ է ուղարկել ԵՄ-ում անդամության թեկնածուի կարգավիճակ տալու մասին, համապատասխան փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Փետրվարի 28-ին Վլադիմիր Զելենսկին դիմել էր ԵՄ երկրներին՝ կոչ անելով Ուկրաինային շտապ ընդգրկել միության կազմում և ստորագրել ԵՄ-ին իր երկրի անդամակցության հայտը: Ուկրաինան պաշտոնապես ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել 2022 թ․-ի փետրվարի 28-ին։ Եվրախորհրդարանը մարտի 1-ին հավանություն է տվել Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձևին: