Խաղամոլության դեմ կպայքարեն նաև գովազդի օգնությամբ

Փոխնախարարի խոսքով՝ լրամշակված օրենքով վերադառնում են գովազդի այն սահմանափակումներին, որոնք գործում էին մինչև 2020 թվականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Այսուհետև արգելվում է շահումով խաղերի, խաղատների գովազդը, այդ թվում` ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։ ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով՝ այս փոփոխություններով վերադառնում են գովազդի այն սահմանափակումներին, որոնք եղել են մինչև 2020 թվականը։
Երևանի կենտրոնում շահումով խաղեր են կազմակերպել. 5 միլիարդ 500 միլիոնի վնաս է պատճառվել
Նոր փոփոխություններով սահմանափակվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, խաղասրահների, բուքմեյքերական գրասենյակների գովազդը։ Այն թույլատրվում է միայն ՀՀ սահմանային մուտքի կետերում, չորսաստղանի և ավելի բարձր կարգի հյուրանոցներում, իրենց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև պաշտոնական կայքէջերում։
Նախագծի համազեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանն իր ելույթում նշեց, որ սա խաղամոլության դեմ պայքարի քայլերից մեկն է, խոստացավ՝ նորերն էլ են լինելու։