Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում. որոշ մարզերում առատ ձյուն է տեղում

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Վերջին երկու օրերին Հայաստանը գտնվում է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում. հանրապետության ամբողջ տարածքում դիտվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` ֆեյսբուքյան էջում գրառում անելով։
Հանրապետության առանձին շրջաններում, մասնավորապես Ամասիայում, Ֆանտանում, Ապարանում, Ամբերդում, Արագած լեռան մերձգագաթային մասում երկու օրում դիտվել է ամսական նորմայի 40-60 տոկոսի չափ տեղում։
Ձյան ծածկի բարձրությունն այսօրվա դրությամբ Արագած լեռան մերձգագաթային մասում հասնում է 129 սմ-ի, Ամբերդում և Ջերմուկում՝ 56 սմ-ի, Ամասիայում և Հրազդանում՝ 35 սմ-ի։
«Մարտի 3-ի ցերեկը և մարտի 4-ին մինչև կեսօր բոլոր շրջաններում տեղումները շարունակվելու են: Առանձին հատվածներում նաև ամպրոպներ են սպասվում այսօր՝ գիշերային ժամերին, այսօր ցերեկը սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ»,–նշված է գրառման մեջ։
Մարտի 4-ին կեսօրից հետո տեղումներն աստիճանաբար կդադարեն։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը մարտի 4-ին և 5-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
«Վերին Լարսով» Վրաստանից Ռուսաստան ճանապարհը փակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար