ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik․ Արևմտյան երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ անասելի ջանքեր են գործադրել, որպեսզի ապահովեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի իրադրության վերաբերյալ բանաձևի ընդունումը: Ընդ որում, օգտագործվել են պատվիրակության վրա ազդելու բոլոր մեթոդները, աշխատել են ինչպես Նյու Յորքում, այնպես էլ մայրաքաղաքներում։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 2-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել ՝ պահանջելով Ռուսաստանից դադարեցնել Ուկրաինայում հատուկ գործողությունը և դուրս բերել զորքերը։
«Եղել է և՛ բացահայտ շանտաժ, և՛ կաշառելու փորձեր, եղել են նաև պատժամիջոցների սպառնալիքներ։ Ահա այսպես են միջազգային միասնություն կորզել։ Ընդ որում, փաստաթուղթն անվերապահ աջակցություն չի ստացել, տասնյակ երկրներ հրաժարվել են քվեարկել դրա օգտին», - ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը կոգևորի Կիևի ծայրահեղականներին, ազգայնականներին՝ շարունակել իրենց հանցավոր գործողությունները, որոնց գերին են դառնում խաղաղ բնակիչները։ Բանաձևը կնպաստի ռուսալեզու բնակչության նկատմամբ հետագա ծաղրուծանակի, ուկրաինական քաղաքների բնակելի թաղամասերում խիտ բնակեցված շրջաններում ռազմական տեխնիկայի տեղակայմանը՝ հակառակ միջազգային իրավունքի նորմերին, զենքի կամայական բաշխմանը:
«Գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքը ևս մեկ անգամ ընդգծում է միջազգային հանրության՝ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անկարողությունը, որպեսզի Կիևի իշխանություններին ստիպեն ստանձնել Մինսկի համաձայնությունների պարտավորությունները», - ասել Է Զախարովան:
Ավելի վաղ՝ մարտի 3-ին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում զբաղվում է շանտաժով և ձեռքեր ոլորելով, որպեսզի երկրները քվեարկեն հակառուսական բանաձևերի օգտին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 8-րդ օրը։