ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ»–ը խոստացած արտադրամասը դեռ չի կառուցել։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված մի որոշման մեջ։
Դրանով ընկերությունը զրկվում է 2021 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ զուգագուլպաների արտադրության համար կառավարության կողմից տրամադրված մաքսային արտոնությունից։
Պատճառը նախապես հայտարարված ժամկետում գործարանի շինարարությունը չավարտելն է։
«Համաձայն ընկերության կողմից ներկայացված գրության` վերջինս ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել և ավարտի ժամկետը հայտնի չէ»,– ասված է որոշման նախագծում։
Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից:
Ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է շահագործման հանձնել զուգագուլպայի նոր արտադրամաս, որը հնարավորություն կտա ստեղծել 80 նոր աշխատատեղ՝ 167 հազար դրամ միջին աշխատավարձով։