Ռուսաստանի պատվիրակությունն ամբողջ կազմով արդեն ժամանել է Ուկրաինայի հետ բանակցությունների վայր, հայտնել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:
Նա հստակեցրել է, որ ուկրաինական կողմը նոր է դուրս եկել Կիևից, նրանց ժամանումը սպասվում է վաղն առավոտյան:
Մեդինսկին հավելել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի հրադադար հաստատելու հարցը։
Բանակցությունները կընթանան նույն կազմով, ինչ առաջին հանդիպման ժամանակ։ Ռուս–ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Բելովեժյան թավուտում։
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 7–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Փետրվարի 28-ին բելառուսա–ուկրաինական սահմանին կայացած բանակցային առաջին հանդիպումից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ երկրորդ հանդիպումը կկայանա Լեհաստանի հետ սահմանային հատվածում։