ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ռուս գործարար Ռոման Աբրամովիչն այսօր հայտարարել է իրեն պատկանող «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում։
«Հուսով եմ, որ կկարողանամ վերջին անգամ այցելել «Սթեմֆորդ Բրիջ»՝ բոլորին անձամբ հրաժեշտ տալու: «Չելսի» ֆուտբոլային ակումբն ու նրա երկրպագուներն ընդմիշտ կլինեն իմ սրտում»,- ասել է Աբրամովիչը։
Այս պահին գործարքի մանրամասները հայտնի չեն։
Մինչ այդ Աբրամովիչը հայտնել էր, որ «Չելսին» վաճառելու առաջարկների է սպասում։
Փետրվարի 26-ին նա ակումբի կառավարումը հանձնել էր լոնդոնյան թիմի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին՝ կապված ՌԴ–ի դեմ պատժամիջոցների հետ։
Նա նաև նշել էր, որ, անկախ ակումբի ղեկավարության փոփոխությունից, ինքը մնում է «Չելսիի» սեփականատերը։
Աբրամովիչը «Չելսին» գնել էր 2003 թվականին անգլիացի Քեն Բեյթսից 140 միլիոն ֆունտով։ 2012 թվականին լոնդոնյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել էր Չեմպիոնների լիգան, իսկ արդեն 2021 թվականին` կրկնել հաջողությունը՝ դառնալով Եվրոպայի լավագույն ակումբը։
Աբրամովիչի օրոք «Չելսին» հինգ անգամ հաղթել է Պրեմիեր լիգան, հինգ անգամ՝ Անգլիայի գավաթը, երկու անգամ՝ Եվրոպա լիգան (2013 և 2019 թվականներին)։