ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Ուկրաինայում այսօր ենթադրաբար մի քանի հարյուր ՀՀ քաղաքացի կամ ազգությամբ հայեր կան։
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հավելելով, որ նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ Հայաստանի կառավարությունը կդժվարանա իր վրա վերցնել։
«Մենք բանակցել ու պայմանավորվել ենք Արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ` Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա ու նույնիսկ Հունգարիա, որի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, բայց նաև ի պատիվ իրենց պետք է ասեմ, որ ամեն ինչ անում են, որպեսզի աջակցեն»,– ասաց Միրզոյանը։
Դիվանագետներ են գործուղվել բոլոր այդ երկրներ` տեղում աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին։ Աջակցությունն, ըստ ԱԳ նախարարի, հիմնականում խորհրդատվական բնույթի է, բայց կան տեղափոխման հարցերում տրամադրված աջակցության որոշ դեպքեր։
«Խնդիրներն ու լուծումները տարբեր են»,– ասաց նախարարը` վստահեցնելով, որ Ուկրաինայից Հայաստան վերադարձող հայաստանցիների հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։
Եվրոպայի հայերի միությունը ևս հայտարարություն էր տարածել Ուկրաինայում բնակվող հայերին Եվրոպական երկրներ անցնելիս աջակցություն ցուցաբերելու մասին և հեռախոսահամարներ տրամադրել։
ՀՀ ԱԳՆ–ն էլ երեկ տեղեկացրել է, որ Ուկրաինայում գտնվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի: