350.000 դրամ կաշառք՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար

ՃՈ պաշտոնատար անձը ուղղորդել է վարորդի թեկնածուին՝ տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու քննական գործընթացում չարաշահումներ, որոնց հետևանքով վարորդի թեկնածուն հանձնել է փաստացի ձևական բնույթ կրող քննություններ: Այս մասին հայտնում են կոմիտեից։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի բնակիչ Գարիկ Գևորգյանը, տեղեկանալով Երևանի բնակիչ Լ. Բ.-ի կողմից 350.000 ՀՀ դրամի դիմաց վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու մտադրության մասին, Լ. Բ.-ին վստահեցրել է, թե իբր հիշյալ գումարի չափով ՃՈ պաշտոնատար անձանց իր օժանդակությամբ կաշառք տալու դեպքում տեսական քննությունը կրելու է ձևական բնույթ:
Կաշառք է վերցրել խախտումներ չարձանագրելու համար. Լոռիում պաշտոնատար անձ է ձերբակալվել
Ստանալով Լ. Բ.-ի համաձայնությունը` Գևորգյանը 2021 թվականի նոյեմբերին դիմել է իր համագյուղացի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Էդգար Սարգսյանին և, ներկայացնելով, որ վարորդի թեկնածուն իր մտերիմն է, ՃՈ տեսուչին դրդել է օգնել վերջինիս տեսական քննությունը դրական հանձնելու հարցում:
Արդյունքում տեսուչը ուղղորդել է վարորդի թեկնածու Լ. Բ.-ին` տեսական քննության ընթացքում նշել ճիշտ պատասխանները։
Դրանից հետո Էդգար Սարգսյանը կազմել է Լ. Բ.-ի կողմից տեսական քննությունը հաջողությամբ հանձնելու մասին կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթ, որի հիման վրա վարորդի թեկնածուին թույլատրվել է մասնակցել գործնական քննությանը։
Տեսական քննությունից հետո Լ. Բ.-ն Գ. Գևորգյանին տվել է 350.000 ՀՀ դրամը, սակայն նա հանցագործությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ հիշյալ գումարը ստանալուց անմիջապես հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Էդգար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (Պաշտոնեական կեղծիքը), իսկ Գարիկ Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ (Խարդախությունը), 38-308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիքը) մասերով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: