Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ

Սերգեյ Լավրովն ու Վլադիմիր Պուտինը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ճապոնիայի արտգործնախարարությանը։

Ըստ հաղորդագրության` բացի Պուտինից, Լավրովից ու Շոյգուից, անհատական պատժամիջոցներ են սահմանվել նաև անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի նկատմամբ։ Եթե նրանք ակտիվներ ունեն Ճապոնիայում, ապա դրանք կսառեցվեն։

Բացի այդ, արտահանման պատժամիջոցներ են սահմանվել 49 ընկերության և կազմակերպության նկատմամբ, որոնց թվում են Անվտանգության դաշնային խորհուրդը, Գլխավոր հետախուզական վարչությունը, «Սուխոյ» ընկերությունը, «Ռոստեխ» պետական կորպորացիան և այլն։
Պատժամիջոցների ցանկում են նաև Ռուսաստանի բանկը, VEB–ը (Ռուսաստանի զարգացման պետական կորպորացիա) և Պրոմսվյազբանկը։
Տոկիոն արգելք է սահմանել նաև ընդհանուր նշանակության այն արտադրանքի արտահանման վրա, որի մատակարարումները կարող են նպաստել Ռուսաստանի ռազմական ներուժի աճին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան, Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը։