Պետք է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտը կանխելու համար. Լավրով

Սերգեյ Լավրով. Արխիվային լուսանկար
Սերգեյ Լավրովն այսօր ելույթ է ունեցել զինաթափման հարցերով համաժողովում՝ անդրադառնալով սպառազինության մրցավազքի թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է անել ամեն բան սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար։ Այս մասին Լավրովն ասել է զինաթափման հարցերով համաժողովում ելույթի ժամանակ։
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի, Լավրովի ու Շոյգուի նկատմամբ
«Կանխատեսելիության բարձրացման, սպառազինության մրցավազքի նոր շրջապտույտները կանխելու համար այսօր ակնհայտ է դարձել համատեղ ինտենսիվ աշխատանքի պահանջարկը։ Ընթացիկ պայմաններում անհրաժեշտ է հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք ուղղված են սպառազինության նկատմամբ վերահսկողության, չտարածման և զինաթափման ճարտարապետության ապամոնտաժմանը։ Չափազանց կարևոր է զերծ մնալ ռազմաշինության ոլորտում վտանգավոր քայլեր իրականացնելուց, որոնք կարող են ընկալվել որպես հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքի խախտում», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ ռուսական կողմը կոչ է անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին միանալ Եվրոպայում միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայմանն ուղղված մորատորիումին։
«Մեր երկիրը միակողմանիորեն պարտավորվել է առաջինը չտեղակայել պայմանագրով (միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին) սահմանված համակարգերն այն շրջաններում, որտեղ ամերիկյան արտադրության նմանատիպ համակարգեր չեն տեղակայվի։ Կոչ ենք անում ԱՄՆ–ին և նրա դաշնակիցներին հետևել մեր օրինակին», – ասել է Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: