Հայաստանում ադրբեջանական ծագման բենզին չկա. Գևորգյանը հերքեց «SOCAR»-ի մասին լուրերը

Բենզալցակայան
ՄՊՀ նախագահը հայտարարեց, որ բենզինի շուկայի վերջին գործարքը կատարվել է վրացական «Petrocas» ընկերության հետ, որը ներկայացնում է «Gulf» ապրանքանիշը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանյան բենզինի շուկայում ադրբեջանական ընկերություն չկա։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց Մրցակցության պետական հանձնաժողովի (ՄՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանը` պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։

«Ոնց հասկանում եմ, այս խոսակցությունները մեր վերջին թույլատրած գործարքի մասին են, որը ոչ մի առնչություն չունի ո՛չ «SOCAR»-ի, ո՛չ ադրբեջանական որևէ այլ կազմակերպության հետ։ Գործարքը կատարվել է վրացական «Petrocas» ընկերության հետ, որը ներկայացնում է GULF բրենդը»,– ասաց Գևորգյանը։

Նա նաև հայտնեց, որ ՀՀ բենզին ու դիզվառելիք է ներկրվում մեծամասամբ ՌԴ–ից, հիմնականում` «Ռոսնեֆտից», ավելի քիչ` «Գազպրոմից», երկրորդ տեղում Իրանն է, ևս մի փոքր տոկոս ներկրվում է Ռումինիայից ու Բուլղարիայից։
«Ես վստահաբար ասում եմ, որ ՀՀ–ում այլ երկրի ծագման որևէ բենզին չկա»,– հայտարարեց ՄՊՀ նախագահը` հավելելով, որ այդ խնդիրը վերահսկվում է սահմանին` ԵԱՏՄ ընթացակարգերի պահպանմամբ։
Հիշեցնենք` վրացական «Petrocas» ընկերությունը Հայաստանում նախատեսում է ստեղծել 22 լցակայաններից բաղկացած ցանց՝ «Ռոսնեֆտի» հայկական ակտիվների հիման վրա։
Մեկնաբանությունները, թե «Petrocas»–ը կարող է Հայաստան նավթամթերք ներկրել Ադրբեջանից, վրացի գործարար Դավիթ Յակոբաշվիլին Sputnik-ի հետ զրույցում աբսուրդային էր որակել` ասելով, որ «Petrocas»–ը «Socar»-ի մրցակիցն է։
«Petrocas»–ը հիմնադրվել է 2009 թ․-ին և զբաղվում է նավթի և նավթամթերքի փոխադրմամբ ու առևտրով:
Ինչո՞ւ է թանկանում բենզինը. տնտեսագետի դիտարկումները
Յակոբաշվիլիի խոսքով` «Petrocas»–ի պորտֆելում ադրբեջանական կապիտալ չկա։ Ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում է «Ռոսնեֆտին», 51 տոկոսը` իրեն ու իր գործընկերներին։
Այսօր «Petrocas»–ը միջազգային ընկերություն է, որը նավթի առևտրի ոլորտի առաջատարներից է՝ տարեկան 6 միլիոն տոննա թրեյդինգային պորտֆելով։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, ընկերությունը ղեկավարում է նաև Վրաստանի խոշորագույն մանրածախ ցանցը և Փոթիի նավթային տերմինալը:
ՀՀ բենզինի շուկայի բոլոր խաղացողների նկատմամբ վարույթներ են իրականացվում. ՄՊՀ նախագահ