ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ադրբեջանում դեռևս անօրինական կերպով պահվում են հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, որոնց Բաքուն հրաժարվում է ազատ արձակել և վերադարձնել, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, տեղեկանում ենք ԱԳ կայքից։
Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների՝ տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։
«Միրզոյանը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով։ Այդ թվում՝ պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրապաշտպան կառույցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միրզոյանը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի և ոչնչացման ծրագրված գործողություններին։
ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարը կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ Հայաստանի ստանձնած առաջնորդությունը:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ժնև էր մեկնել` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին։