Զելենսկին խնդրանքով դիմել է ԵՄ-ին

Վլադիմիր Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձ է հղել, որում կոչ է արել քննարկել ԵՄ–ին անդամակցելու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Եվրամիությանը այդ կազմակերպությանը անդամակցելու խնդրանքով: Նա այդ մասին խոսել է Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։

«Մենք դիմում ենք Եվրամիությանը Ուկրաինայի՝ նոր, հատուկ ընթացակարգով անդամակցության հարցով։ Մենք շնորհակալ ենք գործընկերներին, որ մեր կողքին են, բայց մեր նպատակն է լինել բոլոր եվրոպացիների հետ և, ամենակարևորը, հավասար պայմաններում», - ասել է Զելենսկին։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ եկել է վճռորոշ պահը, որպեսզի դադարեցվեն բազմամյա քննարկումները, և որոշում կայացվի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել էր Բելառուսում բանակցել ռուսական կողմի հետ` ասելով, որ բանակցային հարթակ կարող են դառնալ Վարշավան, Բուդապեշտը, Ստամբուլը, Բաքուն, բայց ոչ Բելառուսի տարածքը։
Հետո բելառուս քաղաքագետ Յուրի Վոսկրեսենսկին, որը մոտ է բանակցությունների կազմակերպիչների հետ, ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցից հետո Զելենսկին հանձնարարել է պատվիրակություն ուղարկել Բելառուս:
Ավելի ուշ Sputnik Բելառուսը հայտնեց, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների վայրը կլինի Ալեքսանդրովկա-Վիլչա անցակետը։