Թուրքիան թույլ չի տա իր նեղուցներով ռազմական նավերի անցումը. ԱԳՆ

Անկարան, նշենք, մինչ օրս որևէ հարցում չի ստացել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավեր անցնելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Թուրքիան արդեն նախազգուշացրել է բոլոր ափամերձ և ոչ ափամերձ երկրներին, որ թույլ չի տալու իր նեղուցներով ռազմանավեր անցնեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կատարել և կատարելու է Մոնտրյոյի կոնվենցիայի դրույթները։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Անկարան դեռևս որևէ հարցում չի ստացել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով ռազմանավեր անցնելու վերաբերյալ։

Մոնտրյոյի կոնվենցիան ընդունվել է 1936 թվականին։ Այն սահմանում է առևտրային նավերի համար խաղաղ և պատերազմական ժամանակներում նեղուցներով ազատ անցումը։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների մուտքը Բոսֆորի և Դարդանելի տարածքով։
Ավելի վաղ Չավուշօղլուն հայտնել էր, որ Թուրքիան բոլորին տեսանելի կերպով կկատարի Մոնտրյոյի կոնվենցիայի բոլոր դրույթները։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ։
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծեց, որ Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: