ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է դաշինքի կողմից Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերի ավելացման մասին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ես զրուցել եմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Շնորհակալություն եմ հայտնել ժողովրդի և զինված ուժերի քաջության համար»,- նշել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են Ուկրաինային աջակցությունը՝ հակաօդային պաշտպանության հրթիռներով, հակատանկային զենքերով, ինչպես նաև մարդասիրական ու ֆինանսական օգնությամբ։
Նա ևս մեկ գրառում է կատարել, որտեղ էլ հայտնել է, որ խոսել է նաև Լիտվայի նախագահի հետ։
«Քննարկել ենք Ռուսաստանի՝ Ուկրաինա «անխոհեմ ներխուժման» հետևանքների հարցը: ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է մեր պաշտպանական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում և պատրաստ է ավելին անել։ Մենք կպաշտպանենք յուրաքանչյուր դաշնակցի և դաշնակցային տարածքի ամեն մի թիզը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին, քանի որ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։