Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հումանիտար հարցերի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։ Միրզոյանը նման կարծիք է հայտնել Ժնևում Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք ԱԳՆ կայքից։
Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար խնդիրներին։ Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց բնակավայրերից բռնի տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և անվտանգության ու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ (28 փետրվարի, 2022). Ժնև
Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Արցախում միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից մարտի 1-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Ժնևում է լինելու` մասնակցելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստին։