ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է գործող բիզնեսն այլ երկրներից ՀՀ տեղափոխելու և նոր բիզնեսի հիմնման հարցերով աշխատանքային խումբ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գործարարներին աջակցություն տրամադրելու համար գործում է արագ արձագանքման էլեկտրոնային հասցե։
«Կարող եք ուղարկել ձեր հարցերը reloc@mineconomy.am–ին։ Նամակում պետք է տրամադրել տեղեկատվություն ընկերության անվանման և գործունեության ոլորտի մասին, նշել աշխատակիցների քանակը, տեղափոխման մոտավոր ժամկետները,տեղափոխման հետ կապված հիմնական հարցերը։ Պետք է նշել նաև պատասխանատու անձի, որի հետ մասնագետները կարող են հաստատել օպերատիվ հաղորդակցություն»,–նշված է հաղորդագրության մեջ:
Բոլոր հարցերը կփոխանցվեն էկոնոմիկայի նախարարության կազմում գործող National Center for Innovation & Entrepreneurship -ի և ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի ( Enterprise Armenia ) մասնագետներին՝ որոնք լիարժեք աջակցություն կցուցաբերեն Հայաստանում նոր բիզնեսներ բացելու և գործող բիզնեսների ինտեգրման բոլոր գործընթացներում:
Նշենք, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ֆոնին սահմանված պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանում և այլ երկրներում գործող բազմաթիվ բիզնեսներ պոտենցիալ լուրջ խնդիրների առաջ են հայտնվել։